Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Global Mentoring Walk միջազգային նախաձեռնությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում առաջին անգամ անցկացվեց Global Mentoring Walk Հայաստան (Գլոբալ մենթորական զբոսանք) միջոցառումը՝ միավորելով տարբեր ոլորտների կայացած գործիչներին և նպատակասլաց երիտասարդներին։ Կանանց միջազգային օրվա շրջանակում արդեն 19 տարի աշխարհի 60 երկրում կազմակերպվող այս նախաձեռնությունը սկիզբ է առել ԱՄՆ-ում՝ որպես առաջնորդության փորձի փոխանցման համաշխարհային հարթակ:
Նախաձեռնությունը Հայաստան է բերել «Vital Voices Global Leadership Network»-ի անդամ, սոցիալական ազդեցության նորարար Հայասա Թահմազյանը:
«Միջոցառման նպատակն է զարգացնել մենթորության մշակույթն ու խթանել սերնդեսերունդ փորձի ու իմաստության փոխանցումը Հայաստանում։ Մենք գիտակցում ենք, որ առաջնորդությունը նաև սոցիալական պատասխանատվություն է ստեղծելու հնավորություններ, կիսվելու կուտակված փորձով և գիտելիքով այն մարդկանց հետո, ովքեր իրենց մասնագիտական աճի ճանապարհին են»,- նշեց Հայասա Թահմազյանը։
Հայաստանյան նախաձեռնությանը միացել էին իրենց ոլորտներում հաջողության հասած 18 մենթոր, ովքեր զբոսնեցին և փորձով կիսվեցին 36 մենթիի հետ։
«Այսօր շատ խորհրդանշական հանդիպում էր գարնանային զարթոնքի օրը։ Պարզապես հրաշք է, որ նոր մարդիկ կարողանում են նոր միասնություններ, նոր միավորումներ ստեղծել։ Ես շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնության մասն եմ կազմել։ Մենթորությունը փորձառության և գիտելիքի փոխանցման ձևաչափ է, որն ավանդական ու հին է, որքան ամբողջ մարդկությունը։ Հույս ունեմ, որ միավորվելու և վստահության շրջանակը ընդլայնելու այս պրակտիկան կտարածվի ամբողջ հասարակությունում»,-ասաց մենթոր, Armenia Tree Project-ի Ռազմավարական գործընկերությունների և ազդեցության տնօրեն Մարինա Մխիթարյանը։
Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկեց Երևանի Կինոյի տանը, որտեղից մասնակիցները մենթորական զբոսանք իրականացրին դեպի Գաֆեսճէան արվեստի պուրակ։
«Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես է մեկնարկել այս ձևաչափը, ու քանի որ շատ եմ կարևորում շարունակական կրթությունը, միմյանց փորձի փոխանակումն ու առաջնորդության զարգացումը, որոշեցի մասնակցել միջոցառմանը: Շնորհակալ եմ մեր մենթորին շատ անմիջական զրույցի, իր ոգեշնչող պատմությամբ ու մոտեցումներով կիսվելու համար»,-ասաց մենթիներից ինժեներական կրթությամբ Տիգրան Մինասյանը։
Զբոսանքի ողջ ընթացքում մենթորներն ու մենթիներն ունեցան բաց և ազնիվ զրույցներ կարիերայի զարգացման, բարդ որոշումների կայացման ու առաջնորդության իրական ջանքերի մասին։
Առաջին Global Mentoring Walk Հայաստանի մենթորներն էին Աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակի տնօրեն Դեյգն Վելընթայնը, Armenia Tree Project-ի Ռազմավարական գործընկերությունների և ազդեցության տնօրեն Մարինա Մխիթարյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Կառավարման և բիզնես զարգացման խորհրդատու Նարինե Թադևոսյանը, մարդասիրական և զարգացման ծրագրերի կառավարման մասնագետ Սոֆի Ներսիսյանը, թեթև աթլետիկայի աշխարհի չեմպիոն Ելենա Ալինա Պոպեսկուն, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, SPRING PR ընկերության համահիմնադիր և Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, «Women of Armenia Network»-ի հիմնադիր Հասմիկ Մովսեսյանը, Հաղորդակցության և կառավարման մասնագետ Լիկա Մկրտչյանը, «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Վահե Արզումանյանը, «Premium Consultant» ընկերության գործընկեր-տնօրեն Էլեն Ջաղինյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Գայանե Մկրտչյանը, «Ինկուբ Մարքեթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Մարիաննա Քաբաբյանը, Հայաստանում Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը և միջազգային զարգացման և մարդու իրավունքների մասնագետ Նվեր Սարգսյանը։
Global Mentoring Walk-ը Vital Voices Global Leadership Network-ի կողմից իրականացվող նախաձեռնություն է, որի հիմքում ընկած է Oxygen Media-ի հիմնադիր Ջերալդին Լեյբորնի պարզ, բայց արդյունավետ գաղափարը. ժամանակի սղության պատճառով մենթորությունն իրականացնել առավոտյան զբոսանքի ընթացքում։ 2008 թվականից այս ձևաչափը դարձել է կանանց մասնագիտական զորեղացման խորհրդանիշ ամբողջ աշխարհում։