Այդ բոլոր ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր դեմ տարվող արշավը հիբրիդային պատերազմի դրսևորում է։ Նրա խոսքով՝ տարբեր հարթակներում, այդ թվում՝ վճարովի գործիքների և արհեստական բանականության միջոցով, տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, թե ինքը անշարժ գույք ունի Դուբայում, Ֆրանսիայում և Լոս Անջելեսում, ինչպես նաև՝ թե իր ընտանիքի անդամները բիզնեսներ ունեն Հայաստանում և արտերկրում կամ միլիոններ են պահում շվեյցարական բանկերում։ Փաշինյանը շեշտում է՝ այս ամենը այլ կերպ, քան հիբրիդային պատերազմ, անվանել հնարավոր չէ։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ վարչապետը նշում է, որ իշխանությունն ակնկալում է ստանալ սահմանադրական մեծամասնություն, որը, նրա ձևակերպմամբ, կապահովի հատկապես տարածաշրջանային խաղաղության գործընթացների լիարժեք անշրջելիությունը։
Խոսելով «պատերազմի կուսակցությունների» մասին՝ Փաշինյանն ասում է, որ օրեցօր ավելի ակնհայտ է դառնում դրանց դիրքորոշումը։ Նրա դիտարկմամբ՝ այդ ուժերը մի կողմից հայտարարում են, թե դեմ չեն խաղաղությանը, սակայն միաժամանակ նշում են, որ իշխանության գալու դեպքում վերանայելու են այն։ Վարչապետի գնահատմամբ՝ նման մոտեցումը նշանակում է պատերազմ՝ Հայաստանի համար ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստի վտանգով։
Փաշինյանի խոսքով՝ այդ ուժերը հաճախ չեն էլ գիտակցում իրենց հայտարարությունների բովանդակությունը, քանի որ, ըստ նրա, տեքստերը գրվում են այլոց կողմից, իսկ իրենք հանդես են գալիս ընթերցողի կարգավիճակում։
Վարչապետը նաև տեղեկացնում է, որ նախատեսում է առանձին ֆեյսբուքյան ուղիղ եթեր, որտեղ կանդրադառնա այս թեմաներին։ Նրա գնահատմամբ՝ նշված քաղաքական ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական՝ աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։