Հունիսի 7-ին ժողովուրդը նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին պետք ա ուղարկի գրողի ծոցը․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու նիստում մայրաքաղաքի 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը ուղեկցվեց կոշտ հայտարարություններով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց ընդդիմադիրների քննադատություններին։
Ավինյանի խոսքով՝ ընդդիմադիրների գնահատականները չեն համապատասխանում իրականությանը, իսկ բյուջեի կատարողականը վկայում է հակառակի մասին։
«Իրականում ընդդիմադիրները վիրավորվում են, երբ ասում ենք, որ իրենք ստի հիման վրա են գործում։ Երևանի քաղաքապետարանի 2025 բյուջեի կատարողականը եկամուտների մասով 109 տոկոս է, ծախսերի կատարողականը՝ 90 տոկոս»,- հայտարարեց նա։
Քաղաքապետը, դիմելով ընդդիմադիր ավագանու անդամին, նշեց, որ նման ցուցանիշներ նախկին քաղաքապետերի օրոք չեն արձանագրվել և առաջարկեց հիշել ներկայացված թվերը․
«Պարոն Թորոսյան, հատուկ Ձեզ համար եմ նշում, որ լավ հիշեք այս թվերը, որովհետև ձեր քաղաքապետի տարիներին այսպիսի թվեր չեն եղել»:
Ավինյանը նաև թվարկեց քաղաքում իրականացված ծրագրերը՝ նշելով, որ միայն 2025 թվականին փոխվել է 500 վերելակ, իսկ վերջին տարիներին ընդհանուր առմամբ՝ 2560։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքում փոխարինման ենթակա է մնացել ևս 1822 վերելակ։
Նրա ներկայացմամբ՝ Երևանում իրականացվել են նաև լայնածավալ բարեկարգման աշխատանքներ․ վերանորոգվել են տասնյակ մանկապարտեզների բակեր, իսկ Նուբարաշենի աղբավայրը կարճ ժամանակում բերվել է կառավարելի վիճակի՝ նվազեցնելով հրդեհների վտանգը։ Նա նաև նշեց, որ վերջին տարիներին քաղաքում տնկվել է շուրջ 25 հազար ծառ՝ ոռոգման համակարգերով։
Քննարկման ընթացքում Ավինյանը շեշտեց, որ բանավեճը միայն քաղաքային խնդիրների մասին չէ և ունի նաև քաղաքական ենթատեքստ։
«Չգիտեմ դուք ինչ բաժանումների մեջ եք, բայց ժողովրդի համար արդեն պարզ է՝ քաղաքական որ բևեռում ենք գտնվում մենք, որ բևեռում եք գտնվում դուք», - ասաց նա։
Ելույթի ավարտին Երևանի քաղաքապետը անդրադարձավ նաև առաջիկա ընտրություններին:
«Հարցը միայն քաղաքային խնդիրները չեն, հարցը քաղաքական է, դրա համար հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին պետք ա ուղարկի գրողի ծոցը», - նշեց Տիգրան Ավինյանը։