«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է
Աջակցիր «Ա1+»-ինԲՏԱ նախարարությունից հայտնում են․
ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակը, սահմանափակել բացասական և ապակայունացնող բովանդակության ազդեցությունը, վերացնել ոլորտում առկա իրավական բացերը և ձևավորել հավասար մրցակցային պայմաններ։

Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ցանցային օպերատորների համար սահմանել լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքեր, որոնք գործող օրենսդրությամբ արդեն կիրառվում են հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների նկատմամբ։

Նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների հիմքերը, ինչպես նաև արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Միաժամանակ, սահմանվում են ցանցային օպերատորների լիցենզիայի կասեցման և դադարեցման հստակ հիմքերն ու կիրառման մեխանիզմները, ինչպես նաև նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքում։

Նիստի ընթացքում նախարար Հայրապետյանը պատասխանել է առաջարկվող փոփոխությունների շուրջ պատգամավորների բարձրացրած հարցերին։