Մեր համայնքում լսող կողմը կա, բայց խոսող երիտասարդներն են քիչ. Գարիկ Աղասյան
Աջակցիր «Ա1+»-ինՀրազդան համայնքում բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը: Հիմնադիրները այս ոլորտում գործունեություն երկարամյա փորձ ունեն։
«2014-ին ստեղծեցինք «Հայի բռունցք» ՀԿ-ն, իսկ 2018-ին արդեն ստացանք իրավաբանական հասարակական կազմակերպության կարգավիճակ։
Այդ ժամանակից սկսած Հրազդանում իրականացնում ենք երիտասարդական ու համայնքային զարգացման ծրագրեր», - Ա1+-ի հետ զրույցում նշեց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Հրազդան» երիտասարդական կենտրոնի համակարգող Գարիկ Աղասյանը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը մինչ օրս իրականացրել է շուրջ 350-ից ավելի նախագիծ։
2020 թվականին, կազմակերպության դիմումի հիման վրա և համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, ավագանու որոշմամբ «Հայի բռունցք» ՀԿ-ին 20 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է չգործող մանկապարտեզի մասնաշենք։
«Այն տրամադրվել է առանց որևէ նախապայմանի՝ 20 տարի ժամկետով, այսինքն՝ առանց վճարի։ Մենք մեր ուժերով սկսել ենք վերանորոգել շենքը», - ասաց Աղասյանը։
Նրա խոսքով՝ գործընթացը համընկել է պետական երիտասարդական քաղաքականության այն ուղղության հետ, ըստ որի համայնքները պետք է ունենան երիտասարդական կենտրոններ։
Կազմակերպությունը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթին և հաղթող ճանաչվել. «Նախարարությունը Հրազդանում երիտասարդական կենտրոն բացելու պատվավոր պարտականությունը տվեց մեզ»։
Կենտրոնի ստեղծման համար կատարվել է շուրջ 26 միլիոն դրամի ներդրում։
Բացման արարողությանը՝ փետրվարի 7-ին, կնքվել է եռակողմ հուշագիր, որով համայնքապետարանը ստանձնել է մի շարք պարտավորություններ՝ հաստիքների տրամադրում, շենքի պահպանման հարցերի լուծում։
Իսկ բացման ընթացքում համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև լոկալ ջեռուցման համակարգի կարգավորմանը.
«Վստահ եղեք, որ թե՛ ֆինանսական, թե՛ այլ հարցերով մենք լինելու ենք ձեր կողքին։
Համոզված եմ, որ մոտակա ամիսներին կունենաք նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կներկայացնեք մեզ, որպեսզի համախմբված իրականացնենք ու նպաստենք մեր քաղաքի զարգացմանը», - նշել էր Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։
ԿԳՄՍ նախարարությունը, ըստ Աղասյանի, եւս պատրաստակամություն է հայտնել աջակցել բովանդակային ծրագրերի իրականացման հարցում։
«Եթե ունենանք ծրագրեր ու նախաձեռնություններ, նախարարությունը պատրաստ է աջակցել», - նշեց նա։
Աղասյանը հատուկ շեշտեց կազմակերպության քաղաքական չեզոքությունը։
«ՀԿ-ն երբևէ չի ունեցել ֆինանսական միջամտություններ որևէ կառույցից։ Մեր գործունեությունը իրականացվել է մեր և մեր կամավորների անձնական միջոցներով։ Մենք երբևէ քաղաքական գործընթացների մասնակից չենք եղել։ Ավելին՝ եթե հետ գնանք, մենք միշտ բոլոր ընտրություններից որոշ ժամանակ առաջ ժամանակավորապես կասեցնում էինք մեր գործունեությունը, որովհետև, ունենալով շուրջ 135 տարբեր հայացքներ ունեցող երիտասարդներ, ու միաժամանակ դառնալով քաղաքական կազմակերպություն՝ կնշանակեր մեր կամավորների միջև որոշակի ընտրության առաջ կանգնել։ Ցանկացած քաղաքական հայացք ունեցող երիտասարդ Հրազդան համայնքի երիտասարդն է, մեր կենտրոնի շահառուն է, և մենք պետք է պահենք այդ անաչառությունը», - ասաց նա։
Կենտրոնում, ի դեպ, արդեն գործում են մի շարք խմբեր` «Հրազդանմաֆ», «Ալիաս», բանավեճի և ինտելեկտուալ խաղերի ակումբներ, գրքասերների ակումբ, նախաձեռնող երիտասարդների խորհուրդ, պատանի առաջնորդների ակումբ, ինչպես նաև «Կամավորական ակադեմիա»։
Կենտրոնը որևէ վճարովի նախագիծ չի իրականացնում, շահառուների համար ծառայություններն անվճար են։ «Մենք չենք դնում չափանիշներ կամ քաստինգներ։ Մեր նպատակը երիտասարդին կենտրոն բերելն է», - ընդգծեց Աղասյանը։
Նրա խոսքով՝ երիտասարդների համայնքային կառավարմանը մասնակցությունը շարունակում է պասիվ մնալ ոչ միայն Հրազդանում, այլև ամբողջ երկրում. «Մեր համայնքում լսող կողմը կա, բայց խոսող երիտասարդներն են քիչ։ Պետք է գտնենք, պատրաստենք նրանց, որ իրենց հանդիպած խնդիրների մասին բարձրաձայնեն»։
Չնայած պաշտոնական բացումը կայացել է փետրվարի 7-ին, կենտրոնը փաստացի սկսել է գործել դեռ դեկտեմբերից։ Այս պահին ունի 135 շահառու, իսկ նպատակն է այդ թիվը հասցնել առնվազն 300-ի։
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ կենտրոնը նախատեսվում է դարձնել ոչ միայն ինտելեկտուալ ժամանցի վայր, այլ նաև հարթակ՝ միջազգային համագործակցության, սեմինարների կազմակերպման և երիտասարդների կարիերայի զարգացման համար։
«Լիահույս եմ, որ կկարողանանք աջակցել երիտասարդներին նաև միջազգային նախագծերին ուղիղ մասնակցելու հարցում», - ասաց նա։