Բանկային գաղտնիք տեղեկատվությունը կտրամադրվի էլեկտրոնային տարբերակով
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը որոշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարել: Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի՝ փետրվարի 12-ի նիստում:
Ըստ հիմնավորման՝«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա:
Իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ընդունումից հետո բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման որոշումները գրեթե քառապատկվել են։
Բացի այդ տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները եւս ավելացել են, ինչը դժվարացրել է թե իրավապահ համակարգի, թե ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաև պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարեցման:
Գործընթացն իրականացվում է ամբողջությամբ թղթային եղանակով, ինչը խոչընդոտում եւ դժվարեցնում է քրեական վարույթի իրականացումը: Առաջարկվում է գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով:
«Էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները կրճատելուն, ինչը հնարավորություն կտա դատարանի կողմից նշված ժամկետներում վարույթն իրականացնող մարմնին տրամադրել պահանջվող բանկային և հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվությունը՝ այդպիսով նպաստելով նաև գործի քննության ողջամիտ ժամկետի սկզբունքի պահպանմանը»,- նշված է նախագծում։ Միաժամանակ նշված է, որ համապատասխան տվյալները էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով։