Մեր բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հրապարակեց այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմասնակցեն սեպտեմբերի 25-ից Բաքվում մեկնարկող աշխարհի 2011թ. առաջնությանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նրանք են՝ Հովհաննես Դանիելյանը (49 կգ քաշային կարգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ) եւ Արմեն Սիմոնյանը (+91 կգ):
Նշենք, որ Հայաստանի 14 հոգուց կազմված պատվիրակությունը կգլխավորի ՀԲՖ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Հայ բռնցքամարտիկները սեպտեմբերի 22-ին կմեկնեն Թբիլիսի, որտեղից էլ կուղեւորվեն Բաքու։
Ի դեպ, Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (49 կգ)՝ ծննդով Բաքվից եւ եզդի ժողովրդի ներկայացուցիչ Միշա Ալոյանը (52 կգ), որը Հայաստանից տեղափոխվել է ՌԴ։
Ըստ չճշտված աղբյուրների՝ Բաքվում նրանց տեղավորելու են Հայաստանի պատվիրակության հետ, նույն հյուրանոցում: