Մեր շախմատիստուհին կարող է չեմպիոն դառնալ
Հայաստանը ներկայացնող երեք պատանի շախմատիստներ կարող են բարձր տեղեր զբաղեցնել Բուլղարական Ալբենա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցումներում 6,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է զիջում իսպանացի Դավիդ Անտոնին:
Մինչեւ 12 տարեկան պատանիների մրցաշարում, առաջատար հնգյակի մեջ է մտնում մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը: Հաղթանակի դեպքում երեքն էլ չեմպիոն դառնալու հնարավորություն կունենան:
Իսկ մինչեւ 18 տարեկան շախմատիստուհիների մրցաշարում առաջին տեղի հարցը կորոշվի Դիանա Բակիու (Մոլդովա) - Մարիա Գրիգորյան (Հայաստան) պարտիայի ավարտից հետո: Առաջինն իր ակտիվում ունի 7 միավոր, իսկ մեր շախմատիստուհին` 6,5: Հաջողության դեպքում Մարիան միանշանակ կդառնա Եվրոպայի չեմպիոնուհի: