Տոմսերը դեռեւս չեն սպառվել
Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը, որը կայանալու է հոկտեմբերի 7-ին, Երեւանում, առայժմ չի հետաքրքրում մակեդոնացի երկրպագուներին:
«Ա1+»-ի մարզական թղթակցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղեկացրին, որ Մակեդոնիայի ՖՖ-ն առայժմ հայտ չի ներկայացրել այդ խաղի տոմսեր ձեռք բերելու համար: Նշենք, որ ըստ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, հյուրերը իրավունք ունեն պահանջելու տպագրված տոմսերի 5 տոկոսը:
Ինչ վերաբերում է հայ երկրպագուներին, ապա նրանց մոտ էլ հետաքրքրությունը ընկել է, համենայնդեպս, «Հանրապետական» մարզադաշտի մոտ գտնվող տոմսարկղում այսօր հերթեր չկային, ինչպես 3-4 օր առաջ էր:
Վաճառքում մնացել են միայն Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների երեք հազարանոց տոմսերը, իսկ ահա Արեւմտյան եւ Արեւելյան տրիբունաների, ավելի թանկ տոմսերը (8000 եւ 5000 դրամ), արդեն լրիվ սպառվել են:
Ի դեպ, Եվրո-2012-ի նախորդ` Հայաստան - Ռուսաստան հանդիպման համեմատ, որի տոմսերը վաճառվում էին անձնագրերով եւ սահմանափակ քանակությամբ (մեկ անձին` 4 տոմս), առաջիկա խաղի տոմսերը կարելի է ձեռք բերել առանց գլխավոր փաստաթղթի՝ անսահման քանակությամբ: