Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Ուժի մեջ է մտնում անմիջապես. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնես վարող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կատարվող ցանկացած և բոլոր գործարքների համար։ Այս որոշումը վերջնական է և վճռորոշ», - գրել է Թրամփը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իր վարչակազմը դիտարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը՝ ի պատասխան երկրում շարունակվող ցույցերի ճնշման, որի ընթացքում ավելի քան 500 մարդ է զոհվել։
CNN-ը գրում է, որ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը մեծապես կազդի Չինաստանի վրա, որն Իրանի և ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկերն է։ Սա կարող է նշանակել, որ Չինաստանը կվճարի 45% մաքսատուրք ԱՄՆ ապրանքներ արտահանելու համար ներկայիս 20%-ի փոխարեն։
Բացի Չինաստանից, Իրանի խոշոր առևտրային գործընկերներ են Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան։
Սպիտակ տունը հրաժարվել է CNN-ին լրացուցիչ մանրամասներ տրամադրել մաքսատուրքերի վերաբերյալ։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես են գործելու այս նոր մաքսատուրքերը և արդյոք դրանք ազդելու են միայն ապրանքների, թե նաև ծառայությունների վրա։