Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սիմոնյան․ Ալիևը Սևանը տանկերով գրավելու մասին չի խոսում, ասում է՝ մեքենաներով ենք գալու (տեսանյութ)

Լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ուղղված են բացառապես Ադրբեջանի ներքին լսարանին։

«Ես դա վաղուց եմ մեկնաբանել և ասել եմ, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Դրան ավելացնելու որևէ բան չունեմ։ Համարում եմ, որ այդ հայտարարությունը չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է ներքին լսարանի համար։ Նրա ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև անդրադարձել է այն մեկնաբանություններին, թե Ալիևը խոսել է տարածքներ «ազատագրման» մասին։

«Ես նրա խոսքում ազատագրելու մասին բան չեմ տեսել։ Ընդհակառակը՝ տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով։ Ես չեմ հասկանում, թե ինչու եք դրան “ազատագրել” ասում»,– ընդգծեց Սիմոնյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»՝ հավելելով, որ «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ»։ Ալիևը նաև պնդել էր, թե իբր ռուսական կայսերական քարտեզները հաստատում են այդ «պատմական ճշմարտությունը»։

Ալիևը հայտարարել էր նաև, որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»՝ հիշեցնելով իր նախորդ հայտարարությունը, թե «նրանք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։