Ձե՞ռ եք առնում ձեզ. էդ նույն սահմանային անցումն է, որը Վրաստանով է գալիս, պետք է փակվե՞ր․ Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց՝ քանի դեռ Հայաստանի և Նախիջևանի միջև գտնվող Երասխ-Սադարակ երկաթուղին չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է։
Պատգամավորը նշեց, որ տարածաշրջանային հաղորդուղիների բացման և ապաշրջափակման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրական գործընթացներին։
Նա հիշեցրեց, որ դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառել էր որոշման նախագիծ, որով նախատեսվում էր բացել երեք սահմանային անցման կետ՝ Երասխ–Սադարակ, Քարահունջ և Ղազախ ուղղություններով, սակայն այն երբեք չի հասել Կառավարության օրակարգ։
«Քանի դեռ Երասխ–Սադարակ ճանապարհը չի կառուցվել, Հայաստանը շարունակում է մնալ շրջափակված։ «Թրամփի ուղի»-ն, որի մասին խոսում են, չի կարող լիարժեք գործել առանց այդ հատվածի։ Այդ ճանապարհը պետք է ներառի ոչ թե միայն 42 կիլոմետր, այլ ամբողջ երթուղին՝ մինչև Երասխ»,- ընդգծեց նա։
Պատգամավորը կարևորեց նաև Իջևան–Ղազախ ճանապարհը, նշելով, որ դրա բացումը կարող է ապահովել ավելի կարճ ուղի դեպի Թբիլիսի, ինչպես նաև՝ դեպի Կասպից ծով։
«Եթե դուք նայել եք, իսկ դուք վստահաբար նայել եք «Խաղաղության խաչմերուկը», ապա այնտեղ կա ևս մեկ ճանապարհ՝ Իջևան–Ղազախ։ Բա դրա հարցը ե՞րբ է քննարկվելու։ Պետք է քննարկվի, չէ՞, որովհետև դրանով նույնիսկ դեպի Թբիլիսի ճանապարհն ավելի կարճ է, ինչպես նաև դեպի արևելք և դեպի Կասպից ծով։
«Թրամփի ուղին» նույնիսկ մեզ թույլ չի տալիս գնացքով Արարատի մարզից միանալ Սյունիքի մարզին։ Այդ ուղին պարզապես գոյություն չունի»,- ընդգծեց Խաչատրյանը։