Բացել լրահոսը Փակել լրահոսը
327387
A A
Քաղաքականություն

Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստը» Երևանում մասնակցել է քննարկման

Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։Նրանց հետ, ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի տարածած հաղորդագրության, հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա է եղել նաև Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան, հայտնում է է FIP փաստերի ստուգման հարթակը:

«Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։

Այդ օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:

Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար»,–ասվում է հրապարակման մեջ։

FIP.am-ը դեռ այդ ժամանակ էր հերքել «էկոակտիվիստի» կեղծ պնդումը՝ ցույց տալով, որ ԼՂ-ում ծանր վիճակում գտնվող հիվանդները զրկված էին պատշաճ բուժօգնությունից Էֆենդիևայի և արգելափակմանը մասնակցած մյուս «էկոակտիվիստների» ապօրինի գործողությունների հետևանքով։

Հոկտեմբերի 22-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հանդիպել է ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հոկտեմբերի 21-22-ին մասնակցել են «Double Tree by Hilton» հյուրանոցում կայացած կլոր սեղանի քննարկմանը։ Քննարկման առանցքում եղել է խաղաղության օրակարգը։