Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆուտբոլի ԱԱ-2026. Հայաստանի հավաքականն առաջին անգամ Բուդապեշտում

Թիմերը պայքարում են աշխարհի առաջնության ուղեգրի համար:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կանցկացնի 2026թ աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ հանդիպումը: Մեր թիմը կմրցի Հունգարիայի ընտրանու հետ:

Սա Հայաստանի հավաքականի առաջին այցն է Բուդապեշտ, քանի որ մինչ այդ երկու երկրների ազգային թիմերն իրար հետ հանդիպել էին մեկ անգամ, Կիպրոսի Պաֆոս քաղաքում, միջազգային մրցաշարի շրջանակում: 2004 թվականին կայացած խաղում 2:0 հաշվով հաղթանակ են տարել հունգարացի ֆուտբոլիստները: Ի դեպ, Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մասնակցել է այդ հանդիպմանը:

Այսօր կողմերն արդեն պայքարում են 2026թ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 3 միավոր և իր խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը: Հունգարիայի ընտրանին մեկ միավորով Իռլանդիայի հավաքականի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Աղյուսակը վստահորեն գլխավորում է Պորտուգալիայի ազգային թիմը, որը 100 տոկոսանոց արդյունք ունի:

Ելնելով մրցաշարային իրավիճակից, այսօրվա խաղն անչափ կարևոր նշանակություն ունի կողմերի, հատկապես տանտերերի համար: Այդ մասին մատնանշել է նաև Հունգարիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին:

«Մենք պետք է հաղթենք Հայաստանին, քանի որ հետո մրցելու ենք Պորտուգալիայի հետ, որի դեմ շանս չունենք, հատկապես արտագնա խաղում: Ուստի, Հայաստանի դեմ խաղն որոշիչ է: Հաղթանակը պարտադիր է, եթե անգամ բացակայում են մեր առաջատար խաղացողներ Բառնաբաշ Վարգան ու Ռոլանդ Շալաին: Հույս ունենք, որ ընտրական փուլի վերջին 2 խաղերին դեռ կպահպանենք երկրորդ տեղը գրավելու շանսերը», - ասել է իտալացի մասնագետը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում ասել է, որ թիմի նպատակը մնում է նույնը:

«Ոչ մի տարբերություն չկա նախորդ հանդիպումների համեմատ: Ունենք մեկ նպատակ՝ հասնել լավ արդյունքի, և դրա համար անել հնարավոր ամեն ինչ։ Մեր տրամադրվածությունն ու հոգեբանությունն այնպիսին է, որ շատ հեռու չենք նայում։ Մտածում ենք առաջիկա խաղի մասին։ Շատ բարդ խաղ է լինելու։ Պետք է հոգեբանորեն պինդ լինենք և նվիրված աշխատենք։ Ոչ-ոքին կհամարվի լավ արդյունք,  որովհետև տնային խաղ չէ և գործ ունենք ուժեղ մրցակցի հետ»,- ասել է գլխավոր մարզիչը։

Բուքմեյքերները Հունգարիա – Հայաստան խաղում դաշտի տերերին բացահայտ ֆավորիտ են ճանաչում՝ 1,40 գործակից: Հայաստանի հավաքականի հաղթանակը նրանք գնահատել են 8,50-ից մինչև 9,45 գործակից:

Հունգարիա – Հայաստան թվով երկրորդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20-00-ին: