Կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը
Աջակցիր «Ա1+»-ինԿայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը
Հոկտեմբերի 8-ին կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը` նվիրված հայ և եվրոպական երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությանը: Համերգը երկրորդ տարին է, ինչ կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համատեղ ջանքերով։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան։ Պարոն Շտերբան փոխանցել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի ուղերձը:
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համատեղ ջանքերով մեկնարկած այս սերտ համագործակցությունը նպատակ ունի խթանել մշակութային երկխոսությունը և համատեղ իրականացնել մի շարք կարևոր մշակութային ծրագրեր՝ ի նպաստ ժողովուրդների բարեկամության ամրապնդման։
Երեկոյի ընթացքում հնչել են Էդվարդ Էլգարի Ջութակի կոնցերտը՝ անվանի ջութակահար Մայքլ Բարենբոյմի կատարմամբ, և Տիգրան Մանսուրյանի Պարտիտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։