Բուքմեյքերները չեն հավատում մերոնց
Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները այսօր իրենց հերթական խաղերը կանցկացնեն:
Մեր առաջին թիմը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում Սլովակիայի Ժիլինա քաղաքում կմրցի այդ երկրի հավաքականի հետ:
Յոթ խաղից հետո սլովակները վաստակել են 14, իսկ Հայաստանի ընտրանին` 11 միավոր: Դա նշանակում է, որ մեր հավաքականը նահանջելու տեղ չունի, ուստի այսօրվա խաղում այն պետք է ձգտի միմիայն հաղթանակի:
Բուքմեյքերները շատ քիչ են հավատում Հայաստանի հաջողությանը: Սլովակիայի հավաքականի հաղթանակի համար նրանք սահմանել են 1,4 գործակից, ոչ-ոքու համար 4,25, իսկ Հայաստանի հաղթանակի համար՝ 7,5։ Սլովակիա - Հայաստան խաղը կսկսի Երևանի ժամանակով 23։15-ին։
Հայաստանի երիտասարդական հավաքականը Չեխիայի Ուհերսկի Հրադիշտի քաղաքի մարզադաշտում ուժերը կչափի այդ երկրի համապատասխան ընտրանու հետ: Այս հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը չնայած միանձնյա գլխավորում է Եվրոպայի 2013 թ երիտասարդական առաջնության ընտրական 3-րդ խմբի աղյուսակը (6 միավոր երկու խաղից հետո), սակայն բուքմեյքերները ավելի շատ հավատում են Չեխիայի ընտրանու հաղթանակին` 1,2 գործակից` 11,0-ի դիմաց: