Հայ պատվիրակը հիշեցրեց Ալիեւի նարատիվները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց... Այսօր իր ելույթում նշեց ՀՀ պատվիրակ Հռիփսիմե Գրիգորյանը` բացատրելով.
"Սակայն սա պատմության ավարտը չէ, այլ մի իրականություն, որը պետք է մշտապես խնամել ու պահպանել։ Երբ ասում ենք «խնամել», առաջին հերթին դա նշանակում է չվնասել․ խուսափել այնպիսի նարատիվներից, որոնք հակասում են համաձայնագրի ձեռքբերմանը, ինչպես օրինակ՝ հակամարտության հետ ասոցացվող բառապաշարը կամ թշնամանքի նարատիվները, որոնք, ցավոք, շարունակում ենք լսել Ադրբեջանի նախագահի պաշտոնական ելույթներում։
Վստահության կառուցումն ու խորացումը ևս մեկ կարևոր «աղյուս» են խաղաղության ամրապնդման համար։ Դրանք կարող են ձևավորվել խնդիրների լուծմամբ, այդ թվում՝ հայկական ռազմագերիների և Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակմամբ, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։
Մեկ այլ առանցքային ուղղություն, որը կուժեղացնի խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և որպես վկա՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից, նշում է, որ բոլոր հաղորդակցությունները պետք է բաց լինեն և գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, որոնց տարածքով անցնում են, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
TRIPP նախագիծը՝ «Trump Route for International Peace and Prosperity»-ն, կապի նախագիծ է Հայաստանի տարածքում։ Իրականում TRIPP-ը հայաստանյան կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի արտացոլումն ու բաղկացուցիչ մասն է։ Այն նպատակ ունի ծառայել որպես կամուրջ՝ միացնելով արևելքը արևմուտքին և հյուսիսը հարավին՝ երկաթուղիների, ավտոճանապարհների, բայց նաև խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և մալուխների միջոցով։ Կարևոր է նաև նշել, որ Թուրքիայի հետ սահմանը բացելը չափազանց կարևոր կլինի TRIPP երթուղու ներդրումային ծրագրի և ընդհանրապես «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման համար։
Երբ վերոնշյալ ամեն ինչն սկսի գործել ու իրականացվել, խաղաղությունը կդառնա ավելի ինստիտուցիոնալ, քանի որ փոխկապվածությունն ու փոխադարձ կախվածությունը կստեղծեն մի իրականություն, որը փոխշահավետ է, ուստի նվազեցնում է այդ իրականությունը սպառնալու դրդապատճառները։
Ամփոփելով՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ խաղաղության գործընթացը միայն կուժեղանա՝ չնայած առկա մարտահրավերներին։
Ավելի լավատեսական դիտանկյունից՝ ուզում եմ ցանկանալ, որ այս խաղաղության գործընթացը ոգեշնչող և օգտակար լինի նաև մյուս հակամարտող կողմերի համար, քանի որ մենք բոլորս տառապում ենք շարունակական պատերազմներից, և բոլորս միայն շահում ենք խաղաղությունից։
Եկեք կանգնենք այստեղ և անսպառ աշխատենք խաղաղություն հաստատելու և ամրապնդելու համար"