Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ulvi Hasanli
A A
Քաղաքականություն

Ադրբեջանում ավելի քան 360 քաղբանտարկյալ կա․թիվը հրապարակվեց ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի իշխանություններն արգելել են բանտում գտնվող  լրագրող Ուլվի Հասանլիի կնոջը՝  Ռուբաբա Գուլիեւային ժամանել Ստրասբուրգ՝  ճամփորդության արգելք սահմանելով։ Ուլվի Հասանլին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի թեկնածուներից էր։ Այս մասին ԵԽԽՎ-ում հայտնեց Ուլվի Հասանլիի ներկայացուցիչ Գյունել Սաֆարովան։  Նա ընթերցեց  Ռուբաբա Գուլիեւայի ուղերձը․

«Պարոն Ուլվի Հասանլին բանտում է, քանի որ հավատում էր ճշմարտությանը, ազատությանը և  արդարությանը։ Նախքան դատավորը 2025 թվականի հունիսին նրան ինը տարվա ազատազրկման դատապարտեց,  Հասանլին ասաց. «Բանտը հուսահատություն չէ։ Բանտը ճնշում չէ։ Պայքարը շարունակվում է։ Ճշմարտությունը մեզ հետ է»։ Այս խոսքերն ինձ ամեն օր ուժ են տալիս։

Պարոն Ուլվի Հասանլին մենակ չէ։ «Աբզաս Մեդիա»-ից նրա վեց գործընկերները նույնպես բանտարկված են, որոնցից երեքը՝ կանայք»։

Ըստ նրա՝ այսօր Ադրբեջանում կա ավելի քան 360 քաղբանտարկյալ։ Նրանցից 25-ից ավելին լրագրողներ են։ Նրանք երիտասարդ տղամարդիկ և կանայք են, ովքեր միայն ցանկանում էին ճշմարտությունն ասել. « Կառավարությունը փակել է անկախ լրատվամիջոցները, բայց չի կարող փակել մեր սրտերում եղած հույսը։Ես ուզում եմ, որ աշխարհն իմ միջոցով լսի նրանց ձայները»։

«Այսօր պարոն Ուլվի Հասանլին բանտում է, բայց ամենակարևորն այն է, որ 2023 թվականի նոյեմբերից ի վեր նա և իմ կողմից  նշված լրագրողները, չնայած հսկայական դժվարություններին, շարունակել են հանրայնացնել Ադրբեջանի բանտերում կալանավորների նկատմամբ կիրառվող խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, և դրա համար նրանք կրկին ճնշումների են ենթարկվում։

Որպես նրա կին՝ ես ամեն օր կարոտում եմ նրան։ Բայց ես հպարտ եմ, որ նա ընտրեց ճշմարտությունը, հպարտ եմ, որ նա շարունակում է պայքարել նույնիսկ բանտում։ Ես հավատում եմ, որ  մի օր մեր 3-ամյա դուստրը՝ Սուադը, և բոլոր երեխաները կրկին ազատ կտեսնեն իրենց ծնողներին»,-ասված է   լրագրողի կնոջ ուղերձում։

Ի դեպ, խոսքը  միայն «Աբզաս Մեդիայի» մասին չէ։ Ադրբեջանում փակվել են նաեւ «Meydan TV»-ն, «Toplum TV»-ն։

Հիշեցնենք, որ  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակն  այս   տարի հանձնվեց ուկրաինացի լրագրող  Մաքսիմ Բուտկեւիչին։

 Լուսանկարում՝  Ուլվի Հասանլին