Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլովակները զգուշանում են Հայաստանից

Սպորտ
2259fa5b0c8a5fb4d31e20a4384a07ca

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ներկայումս գտնվում է Սլովակիայի Ժիլինա քաղաքում, որտեղ պատրաստվում է Եվրո-2012-ի ընտրական փուլի թվով 8-րդ հանդիպմանը:

Դաշտի տերերի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խաղից առաջ տված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Հայաստանը վտանգավոր մրցակից է, ուստի իր թիմին շատ դժվար խաղ է սպասվում:

«Հայաստանի հավաքականը չնայած ֆավորիտների թվին չի դասվում, սակայն այն բավականին պատվախնդիր եւ վտանգավոր մրցակից է, իր կազմում ունի մի քանի անհատականություններ, ովքեր կարող են որոշել խաղի արդյունքը: Սակայն մենք պետք է օգտվենք սեփական դաշտի առավելությունից եւ հաղթանակ տանենք: Այնպես որ, ամեն ինչ գտնվում է մեր ձեռքում», - ասել է 48-ամյա մասնագետը:

Սլովակների առաջատար պաշտպան Մարեկ Չեխը նշել է, որ այդ խաղում իրենք պետք է շատ հարձակվեն, որպեսզի հաղթանակ տանեն, սակայն միաժամանակ ավելացրել է, որ հարկավոր է զգույշ խաղալ:

«Հայերը շատ արագ են պաշտպանությունից անցնում հարձակման, ուստի մենք պետք է շատ ուշադիր գործենք ամբողջ խաղի ընթացքում»:

Սլովակիայի լրատվամիջոցների կարծիքով սեպտեմբերի 6-ին միմյանց հետ հանդիպելու են Եվրո-2012-ի ընտրական «Բ» խմբի ամենաուժեղ պաշտպանություն եւ հարձակում ունեցող հավաքականները: Դրանք նկատի ունեն այն փաստը, որ Հայաստանի հավաքականը բոլորից շատ գոլ է խփել խմբում (13), իսկ ահա Սլովակիան, հակառակը, քիչ գոլ է բաց թողել (4): ԶԼՄ-ները նաեւ հիշեցրել են, որ հենց հայերն են բոլորից շատ անգամ գրավել իրենց հավաքականի դարպասը` 3:

Հավելենք, որ այսօր հայտնի են դարձել Սլովակիա - Հայաստան խաղի մրցավարները: Հանդիպումը սպասարկելու են դաշտի տերերի հյուսիսային հարեւանները` լեհ խաղավարները, Մարցին Բորսկու գլխավորությամբ: