«Ոչ-ոքին ձախողում կլինի Հայաստանի համար»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը կարծում է, որ այսօր կայանալիք Անդորա - Հայաստան խաղում մեր ընտրանին պետք է միանշանակ հաղթանակ տանի:
«Անդորայի ազգային թիմը մեր ընտրական խմբի ընդգծված ետնապահն է եւ իր խաղամակարդակով զիջում է բոլոր մրցակիցներին: Մեր հավաքականը պարտավոր է հաղթել այսօրվա խաղում: Անձամբ ես սպասում եմ երեւանյան խաղի սցենարը, երբ մեր ֆուտբոլիստները 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարան» - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրուցելիս ասաց նա:
Սուրեն Բարսեղյանը իր վստահությունը հիմնավորում է նաեւ վիճակագրությամբ. «Հայաստանի եւ Անդորայի հավաքականները արդեն երրորդ անգամ են ընդգրկվում նույն ընտրական խմբում, եւ նախկինում կայացած բոլոր 5 հանդիպումներում հաղթել է միայն մեր ընտրանին: Այնպես որ, անգամ ոչ-ոքի արդյունքը ձախողում կլինի Հայաստանի ընտրանու համար» - եզրակացրեց փորձառու մասնագետը: