Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անդորացիները զգույշ պետք է լինեն»

Սպորտ
46411f9d5f94985ab93be3fde7e00931

Ֆուտբոլի Անդորայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսը երեկ կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղում իր սաները պետք է շատ զգույշ լինեն: Այդ մասին տեղեկացնում են Անդորայում լույս տեսնող երկու օրաթերթերը:

«Հայաստանի հավաքականը երիտասարդ թիմ է, եւ կարողանում է ողջ խաղի ժամանակ բարձր տեմպ պահել: Բացի այդ մրցակցի ֆուտբոլիստներն ավելի լավ մարզավիճակում են գտնվում, քանի որ Հայաստանի առաջնությունն այժմ ընթացքի մեջ է, իսկ մենք դեռ նոր ենք սկսել»,-ասել է նա։

Սակայն 40-ամյա մասնագետը լավատեսորեն է տրամադրված եւ հույս ունի Հայաստանի հետ խաղում առաջին միավորը վաստակել Եվրո-2012-ի ընտրական փուլում:

«Այս անգամ մենք որեւէ նորամուծություն չեն մտցնի տակտիկայում, ինչպես դա արեցինք Երեւանում, որտեղ բարձրահասակ պաշտպան Իլդե Լիմային առաջ էինք քաշել: Չնայած մրցակցի ունեցած տեսական առավելությանը, մենք նույնպես հիմքեր ունենք լավ արդյունք ցույց տալու համար» - ասել է Կոլդո Ալվարեսը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ թիմը լրջորեն է տրամադրված խաղին եւ մեծ հարգանքով է վերաբերվում Անդորայի հավաքականին, չնայած այն բանին, որ այն խմբի ընդգծված ետնապահն է:

«Ժամանակակից ֆուտբոլում հեշտ խաղեր չեն լինում, ուստի բոլոր հաղթանակներն էլ դժվարությամբ են ձեռք բերվում: Անդորայի հավաքականը այս տարի ավելի կազմակերպված խաղ է ցուցադրում» - ասել է Վարդան Մինասյանը:

Այսօր ժամը 21-ին Անդորա լա Վելայի քաղաքային մարզադաշտում կկայանա Անդորա- Հայաստան ընտրական խաղը։