Կմասնակցեն Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը
Այսօր Մոսկվայի «Կարմիր հոկտեմբեր» նոր տեխնոլոգիայի կենտրոնում կմեկնարկի շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի երկու ուժեղագույն շախմատիստները:
Մրցաշարի կազմակերպիչները բավական ուժեղ կազմ են հավաքել տղամարդկանց մրցաշարում: Գլխավոր մրցանակը կվիճարկեն ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Կանանց մրցաշարում հանդես կգան աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Հումպի Կոներուն (Հնդկաստան), ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան, Եվրոպայի այս տարվա չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա) եւ Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Երկու մրցաշարերը կանցկացվեն երկու շրջանով, արագ շախմատի ժամանակացույցով: Այսօր կկայանան 1-3-րդ, վաղը` 4-6-րդ տուրերը:
Ի դեպ, հուշամրցաշարի մասնակիցները կանոնակարգով պետք է խաղի ժամանակ մեկնաբանեն իրենց պարտիաները: