Թլիկում կյանքը կանգ է առում․ սահմանամերձ գյուղն ամայանալու շեմին է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրագածոտնի մարզի Արևուտ խոշորացված համայնքի Թլիկ բնակավայրի բնակիչներն արդեն 30 տարի ոռոգման և խմելու ջուր չունեն։
Խմելու ջուրը ստիպված գնում են, ոռոգման և կենցաղային կարիքները հոգում են Ախուրյանի մերձակայքում տեղադրված ցիստեռնում հավաքվող ջրով։
Երեք տասնամյակի ընթացքում թլիկցիները բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանը, պատասխանատու բոլոր կառույցներին, նույնիսկ ճանապարհ են փակել, բայց «սայլը տեղից չի շարժվել»։ Տարիների ընթացքում, ջրի բացակայության պատճառով, Թլիկի բնակչությունը գրեթե 90 տոկոսով կրճատվել է։
Արևուտ համայնքում նոր ջրագծեր ու օրվա կարգավորիչ ջրամբարներ կառուցելու նախագծանախահաշվային ծրագիրը միայն այս տարի է արժանացել սուբվենցիոն ծրագրերի հայտերի միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Ա1+-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հավաստիացրել են, որ Կանչ բնակավայրում կառուցվող ջրամբարից կօգտվի նաև Թլիկը։ Ծրագրով՝ ջրամբարների և ջրատար խողովակների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի՝ 2026 թվականին։