Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ-մարզեր-հուլիս-2025
A A
Մշակույթ

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում»› ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝

· հուլիսի 18-ին ժամը՝ 14:00-ին, Չարենցավան Ար. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճ,

· հուլիսի 18-ին՝ ժամը՝ 19:00-ին, Հրազդանի դրամատիկական թատրոն,

· հուլիսի 20-ին՝ ժամը՝ 14:00-ին, Մեծամորի մշակույթի տուն,

· հուլիսի 20-ին՝ ժամը՝ 19:00-ին, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատ,

· հուլիսի 22-ին՝ ժամը՝ 14:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,

· հուլիսի 22-ին՝ ժամը՝ 19:00-ին, Վերին Արտաշատ գյուղի մշակույթի տուն:

Նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների սիրված ու ճանաչված ստեղծագործությունները՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունը, հատվածներ «Գայանե» բալետից, Ալեքսանդր Սպենդիարյանի «Երևանյան Էտյուդներ»-ը (1-ին մաս` «Էնզելի»), Գրիգոր Եղիազարյանի «Ձկնորսների պարը» «Սևան» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, Ալեքսանդր Հարությունյանի «Վալսը» և այլ ստեղծագործություններ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները կլինեն շարունակական. սեպտեմբեր ամսից նվագախումբը ելույթներով հանդես կգա Գյումրիում, Ստեփանավանում, Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում և այլ քաղաքներում ու գյուղերում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ