Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-07-04_20-00-06
A A
Քաղաքականություն

Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը հայտարարում են մեկօրյա հացադուլ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքը և  Բագրատ Գալստանյանը հայտարարում են մեկօրյա հացադուլ։

«Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը: Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար: Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:

Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին: Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային… Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը կալանավորվել են երկու ամսով։ Աջապահյանին մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (Քրեական օրենսգրքի 422-րդ հոդված): Նա մեղադրանքը չի ընդունում: