Ազգային ժողովում արտահերթ նիստ է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին գումարել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԺ որոշմամբ օրակարգում ընդգրկված որոշ նախագծերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ նախագծերի երկրորդ ընթերցումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը տալ լիազորող նորմ, ինչը գործադիր մարմնին հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր: Օրենքի ընդունմամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն կունենա տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությանն աջակցելու նպատակով իրականացնել աջակցության տարաբնույթ ծրագրեր, որոնք կխթանեն տրանսպորտային պարկի թարմացումը, կբարձրացնեն ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն տրանսպորտային համակարգի զարգացմանը եւ հանրապետության բնակչության շարժունակության բարելավմանը:
Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը: