
Թեհրանը դեմ է հակահայկական ձևակերպումներին. Իրանի ԱԳՆ–ն` ԻՀԿ-ի «Ստամբուլի հռչակագրի» մասին
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի ԱԳՆ-ն արձագանքել է Իսլամական համագործակցության կազմակերպության հակահայկական հռչակագրին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը, որը պարունակում էր հակահայկական ձևակերպումներ։
Փաստաթղթում, Բաքվի նախաձեռնությամբ, հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր արվում Հայաստանին՝ «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։
Թեհրանը, չնայած բազմիցս հրապարակային հայտարարություններին՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության, քվեարկել էր հռչակագրի ընդունման օգտին։ Այս հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ նշելով, որ ԻՀԿ անդամ պետությունները կարող են ընդհանուր փաստաթղթերում ներառել ձևակերպումներ, որոնք պարտադիր չէ, որ արտահայտեն բոլոր անդամների դիրքորոշումը։
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Հարավային Կովկասում կայունությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Չենք ողջունում այն ձևակերպումները, որոնք կարող են ենթադրել տարածքային վերանայումներ. նման բառերը տեղին չենք համարում», – հայտարարել է Բաղային։
Ավելի վաղ, մեկնաբանելով «Ստամբուլի հռչակագիրը», ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Հայաստանը երկկողմ քննարկումներ է սկսել ԻՀԿ առանձին անդամ պետությունների հետ՝ հռչակագրում տեղ գտած ձևակերպումների կապակցությամբ։