Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, որոշեց երկու ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Ինչպես «Ազատությանը» փոխանցել է սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը, դատարանը սահմանափակել է նաև սրբազանի շփումները՝ բացառություն անելով միայն մերձավոր ազգականների և պաշտպանների համար։
Պաշտպանական թիմը դատարանի որոշումն «ապօրինի» է համարում և նախատեսում է այն բողոքարկել։ «Երբ կտան որոշման ամբողջական տարբերակը, կբողոքարկենք։ Սրբազանը պատրաստ էր այդ որոշմանը», – ասել է Զոհրաբյանը։
Ըստ նախնական տվյալների՝ Միքայել սրբազանը կալանքը կկրի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում։
Քննչական կոմիտեն Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Մեղադրանքը վերաբերում է 2024 թվականին տված հարցազրույցներից մեկին։
Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։