Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Ներդրումներ՝ մեկ հպումով. MyInvest հարթակն ինտեգրվել է AMXTrader-ին (տեսանյութ)

MyInvest հարթակը միացվել է Հայաստանի ֆոնդային բորսային՝ ներդրումների նոր հնարավորություններ յուրաքանչյուրի համար

Հունիսի 23-ին նշանավորվեց ներդրումային ծառայությունների թվայնացման կարևոր փուլ․ Ամերիաբանկի MyInvest հարթակը ուղիղ հասանելիություն ստացավ Հայաստանի ֆոնդային բորսայի՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս ինտեգրումը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրոջ՝ իր հեռախոսից իրական ժամանակում մուտք գործել բորսա և կատարել ներդրումային գործարքներ։

MyInvest-ը բանկի ներդրումային հարթակն է, որը հասանելի է բջջային հավելվածի միջոցով և նախատեսված է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար։ Նոր ինտեգրման արդյունքում հնարավոր է մի քանի հպումով ներկայացնել բաժնետոմսերի և պարտատոմսերի առքուվաճառքի հայտեր՝ առանց միջնորդության, առանց թղթային ընթացակարգերի, ընդամենը մի քանի վայրկյանում։ Հայտերը անմիջապես արտացոլվում են AMXTrader համակարգում։

Հարթակն արդեն ապահովում է մուտք 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների, ինչպես նաև ավելի քան 20,000 բաժնետոմսերի և պարտատոմսերի։ Այժմ այս հնարավորություններին միացել է նաև տեղական բորսան՝ կարևոր խթան դառնալով Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվացման և ներդրումային մշակույթի զարգացման համար։

Ներդրումային գործարքների թվայնացումը զգալիորեն արագացնում է գործընթացը, նվազեցնում է սխալների հավանականությունը և ներդրողներին առաջարկում է հարմար, հստակ և վերահսկելի միջավայր։ Այն նաև մեծացնում է թափանցիկությունը և ֆինանսական մասնակցության մատչելիությունը։

Այս նոր գործիքը հատկապես կարևոր է այն առումով, որ ներդրումները դարձնում է հասանելի յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ գտնվելու վայրից, փորձից կամ կապիտալի չափից։ Բավական է ունենալ MyInvest հավելվածը և մի քանի րոպե ժամանակ՝ ֆինանսական ակտիվների կառավարման համար։