Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը տարբերվում էր իր թիմային ոգով» (տեսանյութ)

Սպորտ
4d0eb8a1e900a196867fb7bee8142242

«Հայաստանի հավաքականը մնացած մասնակիցներից առաջին հերթին տարբերվում էր իր թիմային ոգով: Դա էր մեր հաղթանակի գրավականը: Շախմատիստները առաջնորդվում էին մեկը բոլորի, բոլորը` մեկի համար կարգախոսով» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին շախմատի Հայաստանի հավաքականի ավագ Արշակ Պետրոսյանը այդպես բացատրեց մեր թիմի հաղթանարշավը վերջերս Չինաստանում ավարտված աշխարհի առաջնությունում:

Իսկ ահա գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը կարծիքով մեր ընտրանու հաջողությունը տրամաբանական էր. «Մենք արդեն երկու անգամ հաղթել էինք շախմատային օլիմպիադաներում եւ նման մեծ փորձ ունեինք: Այս անգամ ավելի վստահ էինք մեր ուժերին եւ ավելի հանգիստ էինք խաղում»:

Արշակ Պետրոսյանը կարծում է, որ այս հաջողությունն ավելի նշանակալից է, քանի որ ի տարբերություն օլիմպիադաների, աշխարհի առաջնությանը մասնակցում են երկրագնդի ուժեղագույն հավաքականները:

«Այս անգամ Չինաստանում հավաքվել էին ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջին 9-ը լավագույն հավաքականները: Հատկապես ուժեղ կազմով էին ներկայացել Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Չինաստանը, ուստի շատ դժվար էր միավորներ վաստակել»:

Հավելենք, որ մեր թիմի երկու առաջատարները` Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը չէին մասնակցում ասուլիսին: Առաջինը աշխարհի առաջնության ավարտից հետո անմիջապես մեկնել էր Ավստրալիա, իսկ Սերգեյ Մովսիսյանն այսօր առավոտյան թռել է Պրահա, քանի որ ընտանիքով այնտեղ է ապրում: