Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ համար է հիփոթեքը

Տնտեսություն
831cfcc665379aacc33f8244c70c2811

Հիփոթեքային շուկայում ավելի մատչելի պայմաններ ստեղծելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ են պակաս ռիսկային տնտեսություն եւ բարձր եկամուտներ: «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի անհատական ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկած տոկոսադրույքները լիարժեքորեն համապատասխանում են մրցակցային պայմաններին:

Բանկը հիփոթեքային վարկեր տրամադրում է 15 տարի ժամկետով, իսկ տոկոսադրույքները ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով տարբեր են: Հիփոթեքային վարկավորումը ԱՄՆ դոլարով` 12 տոկոս է, մինչդեռ ՀՀ դրամով լողացող փոխարժեքի դեպքում վարկավորումը 13 տոկոս է, իսկ ֆիքսվածի դեպքում` 14 տոկոս: «Այս տոկոսադրույքները նախատեսված են մեր այն հաճախորդների համար, որոնք բավարարում են վարկավորման մեր պայմանները»,- ընդգծեց Արման Բարսեղյանը:

Նրա ասելով` այն հաճախորդները, որոնք իրենց աշխատավարձերը ստանում են «HSBC բանկ Հայաստան»-ի միջոցով, նրանց համար անշարժ գույքի ձեռք բերման համար նախատեսված է 15, իսկ վերանորոգման վարկերի համար` 7 տարի ժամկետներ: Մյուս քաղաքացիների համար այս ժամկետները համապատասխանաբար 10 եւ 5 տարի են: Արման Բարսեղյանի ասելով` դա պայմանավորված է նրանով, որ իրենց հաճախորդների եկամուտները, կրեդիտավորվելով բանկի հաշվի վրա, դառնում են առավել թափանցիկ:

Արման Բարսեղյանն ընդունում է, որ հիփոթեքային վարկավորման պայմանները շատերի համար միգուցե մատչելի չեն: Ըստ նրա` պատճառները շատ են` նախ եւ առաջ դա պայմանավորված է շուկայի պահանջարկով, մրցակցությամբ եւ բանկի ունեցած համապատասխան ֆինանսական ֆոնդերի առկայությամբ:
«Կա որոշակի շեմ, որից ներքեւ հաճախորդի եկամուտներն այլեւս հնարավորություն չեն տալիս հիփոթեքային վարկի դիմել: Մեր տարբեր գնահատականները ցույց են տալիս, որ եթե քաղաքացու եկամուտը 200 հազար դրամից ցածր է, ապա իրատեսական չէ, որ կկարողանա վարկը եւ տոկոսադրույքները պատշաճ կերպով մարել»,- ընդգծեց «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացուցիչը` միաժամանակ ավելացնելով, որ բանկը հաշվի է առնում նաեւ ընտանիք անդամների ընդհանուր եկամուտը:

Հիփոթեքային վարկավորման պայմանները շատ քաղաքացիների համար էլ ավելի են բարդանում, երբ նրանք իրազեկվածության պակաս են ունենում: Այս առումով «Ֆինանսական հաշտարարի գրասենյակ»-ը փորձում է օգնության հասնել, իսկ երբեմն էլ հարթել ֆինանսական կազմակերպությունների միջեւ եղած տարաձայնությունները:

Գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանի ասելով` քաղաքացիները հիմնականում բողոքում են ֆինանսական կազմակերպության սահմանած լողացող փոխարժեքից, որի արդյունքում փոխվում է տոկոսադրույքը, պայմանագրերից, որոնք սկզբում դրամով են կնքվել, ապա փոխվել արտարժույթի եւ այլն: Տիկին Սարգսյանի ասելով` շատ հաճախ խնդիրներն առաջանում են ուղղակի պայմանագիրը չընթերցելու արդյունքում, երբ քաղաքացին չի նայում` ինչի տակ է ստորագրում: Փիրուզ Սարգսյանը իբրեւ դրական միտում` դիտում է այն, որ ֆինանսական կազմակերպությունները փորձում են յուրաքանչյուր կոնֆլիկտ լուծել փոխհամաձայնությամբ:Եթե դա տեղի չի ունենում, ապա Ֆինանսական հաշտարարն ինքն է որոշում կայացնում:

«Հաճախորդն ունի 30 օր ժամկետ` մտածելու` համաձայն է հաշտարարի որոշման հետ: Եթե հաճախորդը տալիս է համաձայնություն, ապա հաշտարարի որոշումը դառնում է պարտադիր կողմերի համար եւ ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է կատարել հաշտարարի պահանջները»,- ընդգծեց Փիրուզ Սարգսյանը: