A
A
«Պատվաստումների շնորհիվ մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է»
Աջակցիր «Ա1+»-ինԻմունականխարգելման շաբաթվա շրջանակում իրականացված մի շարք միջոցառումներն ու տեղեկատվական արշավներն ամփոփվեցին երկօրյա դասընթաց- սեմինարով:
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իմունականխարգելման և պատվաստանյութերի թեմաների
լուսաբանման վերաբերյալ դասընթաց է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
«Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Դրանց շնորհիվ է, որ աշխարհում էլիմինացված է բազմաթիվ
կյանքեր խլած բնական ծաղիկը, Հայաստանը ազատ երկիր է պոլիոմելիտի առումով, 2007-2023թթ. չեն արձանագրվել կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր»,- ընդգծել է ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: Նա նշել է, որ մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան կարևորել է Հայաստանի առողջապահության նախարարության գործուն ջանքը իմունականխարգելման հարցում.
«Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից և այլ վարակիչ հիվանդություններից՝ պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ` իրավունք։ Եվ դուք՝ որպես կարծիք ձևավորողներ, ունեք այս կարևոր պարտականությունը՝ մարդկանց տրամադրելու ապացույցների վրա հիմնված, գիտականորեն ապացուցված տեղեկատվություն՝ այդպիսով աջակցելով առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի ջանքերին այս շատ կարևոր և կյանքեր փրկող գործում», - դիմելով լրատվամիջոցներին` նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Դատտան։
Առողջապահության ոլորտում ապատեղեկատվության կառավարման, իմուն-իրազեկման գործընթացում մեդիայի դերի, նոր պատվաստանյութերի,
ռազմավարությունների ներդրման և գիտական փաստերի մասին են խոսել ՀՎԿԱԿ մասնագետները:
Դասընթացը լրագրողների համար հնարավորություն էր առանձին հարցազրույցներ կազմակերպելու, տարատեսակ հարցադրումներ անելու, պատվաստանյութերի վերաբերյալ միֆերի մասին մասնագիտական պատասխաններ ստանալու: