Բացել լրահոսը Փակել լրահոսը
494476514_1205391211244429_4269206275383709996_n
A A
Քաղաքականություն

Գործելու ժամանակն է. Վարդանյանի ընտանիքը գերիների հարցով դիմել է Սուրբ աթոռին

արդանյանի ընտանիքը Սուրբ աթոռին հղած ուղերձում նշել է, որ գերության մեջ գտնվող քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն։
 
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ աթոռին կոչ է անում Ֆրանցիսկոս պապի ժառանգությունը հարգելով` քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայի ազատ արձակման ուղղությամբ։ Այս մասին Վարդանյանի ընտանիքը գրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան առթիվ Սուրբ աթոռին և համայն աշխարհի կաթոլիկներին հղած ցավակցական ուղերձում։
 
«Սուրբ աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս պապի ժառանգությունը հարգելով՝ քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայ գերիների, այդ թվում՝ մեր հոր՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ։ Սուրբ աթոռը կարող է կարևոր դեր ունենալ գերիների ազատ արձակմանն ուղղված դիվանագիտական ջանքերում՝ արդարության և մարդկային արժանապատվության հանդեպ Ֆրանցիսկոս պապի նվիրվածությանը հավատարիմ մնալու համար: Նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղության և հաշտության այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս պապը մշտապես հետամուտ էր իր գահակալության ընթացքում։ Ինչպես ինքն է հայտարարել. «Կրոնները չեն կարող օգտագործվել պատերազմի համար։ Սուրբ է միայն խաղաղությունը»»,– ասված է ուղերձում։
Վարդանյանի ընտանիքը նաև կոչ է արել եկեղեցուն գործնականում կիրառել կրոնին և պատերազմին առնչվող Պապի խոսքերը՝ սատարելով հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջը: Ուղերձում նաև նշվում է, որ գերության մեջ գտնվող քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն, քանի որ նրանք այսօր բախվել են դժվարությունների իրենց հավատքի պատճառով։
Վարդանյանի ընտանիքը վստահեցրել է` գործելու ժամանակը հիմա է։
 
«Մենք կոչ ենք անում խիղճ ունեցող բոլոր մարդկանց միանալ արդարության և ազատության մեր այս կոչին՝ ի պաշտպանություն 23 հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, որոնք մնում են գերության մեջ միայն իրենց համոզմունքների և ժառանգության պատճառով»,– հայտնել են Արցախի նախկին պետնախարարի հարազատները։