«Ճիշտ կլինի անցնել աշուն-գարուն մրցակարգին»
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը կարծում է, որ եվրոգավաթներում հաջող հադես գալու համար հարկավոր է Հայաստանի առաջնությունը անցկացնել այնպես, ինչպես դա անում են եվրոպական շատ երկրներում:
«Դիտելով մեր թիմերի ելույթները եվրոգավաթների այս տարվա մրցաշարերում, ես հանգեցի այն մտքին, որ ավելի ճիշտ կլինի մեր առաջնությունը անցկացնել աշուն-գարուն մրցակարգով: Այդ դեպքում եվրոգավաթներին մասնակցող թիմերը լինում են իրենց բարձունքում եւ գտնվում են լավ մարզավիճակում: Իսկ գարուն-աշուն մրցակարգի ժամանակ դժվար է ասել, թե եվրոգավաթների մեկնարկից առաջ ինչ վիճակում կգտնվեն անցած տարվա չեմպիոնը կամ մրցանակակիրները» - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց նա:
Սարգիս Իսրայելյանը, մասնավորապես, օրինակ բերեց «Բանանցին», որը այս տարի անհաջող է հանդես գալիս Հայաստանի առաջնությունում:
«Ռուստավիի «Մետալուրգի» խաղից առաջ մենք աղյուսակում զբաղեցնում էինք նախավերջին, 7-րդ տեղը: Նման դեպքերում թիմը առաջին հերթին հոգեբանորեն պատրաստ չի լինում եվրոպական խաղերին: Իսկ ահա աշուն-գարուն մրցակարգի դեպքում եվրոգավաթներին մասնակցող թիմերը բարձր տրամադրությամբ են դիմավորում նոր մրցաշրջանը եւ հոգեբանական խնդիրներ չեն ունենում»:
«Բանանցի» նախագահը կարծում է, որ արդեն այս տարի կարելի է նման արմատական փոփոխություն կատարել մեր առաջնությունում:
«Ինչպես գիտեք, Ռուսաստանի առաջնությունը գալիք տարվանից անցնելու է աշուն-գարուն մրցակարգին: Դրա համար այդ երկրի ֆեդերացիան երկարացված մրցաշար է կազմակերպում, որը սկսել է այս տարվա մարտին, իսկ ավարտվելու է 2011 թվականի մայիսին: Մենք էլ կարող են նույն ձեւով երկարացնել մեր առաջնությունը եւ նույնպես անցնենք աշուն-գարուն տարբերակին: Ճիշտ է, այդ դեպքում կարող է տուժեն 1 կամ 2 ակումբներ, բայց հայկական ֆուտբոլը, ընդհանուր առմամբ, դրանից կշահի: Սա իմ սեփական կարծիքն է» - վերջում մատնանշեց Սարգիս Իսրայելյանը: