
Ուոլցը սխալմամբ The Atlantic-ի խմբագրին ավելացրել է չատում, որտեղ քննարկվում էին հարվածները հուսիթներին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմը սխալմամբ լրագրող Ջեֆրի Գոլդբերգին ընդգրկել է Signal մեսենջերում գործող չաթի խմբում, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների (Ansar Allah) դեմ ռազմական հարվածների մանրամասները։
The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Գոլդբերգը պատմել է, որ մարտի 11-ին հաղորդագրություն է ստացել «Մայքլ Ուոլց» անունով օգտատիրոջից և, չնայած կասկածներին, շփումը ընդունել է։ Երկու օր անց նա ավելացվել է Houthi PC small group անվամբ չաթում, որտեղ ԱՄՆ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին ռազմական գործողությունների ժամանակացույցը, նպատակները և գործադրվող զինատեսակները։
Խմբում ընդգրկված են եղել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱԳ նախարար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Զրույցներում որոշ մասնակիցներ քննադատել են նախապես դաշնակիցների հետ չխորհրդակցելու որոշումը։
Գոլդբերգը նշել է, որ որոշ տեղեկություններ չափազանց զգայուն էին և նա հրաժարվել է հրապարակել դրանք։ Նրա խոսքով՝ երբ հարվածները սկսվել են, Ուոլցը չաթում տեղադրել է ամերիկյան դրոշի, կրակի և սեղմված ափի էմոջիներ։
Լրագրողը շեշտել է, որ նման խախտում ազգային անվտանգության գաղտնիության կանոնների մեջ երբևէ չի տեսել։ Signal հավելվածը սովորաբար օգտագործվում է լոգիստիկ հաղորդակցման համար, ոչ թե ռազմական գործողությունների քննարկման։
Դրանից հետո Գոլդբերգը դիմել է Ազգային անվտանգության խորհրդին մեկնաբանություն ստանալու համար։ Խորհրդի ներկայացուցիչը հաստատել է՝ շփումը իսկական է, և ներկայում ընթանում է ներքին հետաքննություն՝ պարզելու՝ ինչպես է լրագրողը հայտնվել խմբում։ Կասկած կա, որ նրան շփոթել են նույն սկզբնատառերով՝ JG գրանցված Սպիտակ տան պաշտոնյայի հետ։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, սակայն, հերքել է տեղեկությունները՝ նշելով, որ Թրամփի վարչակազմում ոչ ոք Signal-ով ռազմական պլանների վերաբերյալ հաղորդագրություններ չի ուղարկել։ Նա Գոլդբերգին անվանել է «խաբեբա և վարկաբեկված, այսպես կոչված, լրագրող»։
CNN-ի աղբյուրները հայտնել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է հրապարակման մասին և իր դժգոհությունն է հայտնել։ Նրա շրջապատից մեկը նշել է. «Չաթում քննարկման համար ավելի վատ մարդ ուղղակի հնարավոր չէր ընտրել»։