Ուլուբաբյանի գործով քննչական գործողությունները շարունակվում են, ոստիկանների ձերբակալման հիմքեր առայժմ չկան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պետրոսյանը վստահեցրել է, որ Տիգրան Ուլուբաբյանի առերևույթ խոշտանգման գործը կքննվի օբյեկտիվորեն։ Այս մասին հայտնել է արցախցի երիտասարդի փաստաբան Ռոման Երիցյանը՝ երեք ժամ տևած հարցաքննությունից հետո։
Նրա փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն դեռևս հիմքեր չի տեսնում ձերբակալելու Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և նրա հինգ աշխատակիցներին։
🔹 Վաղը նախատեսվում են Ուլուբաբյանի և երկու ոստիկանների առերեսումները։
🔹 Հարցաքննության ժամանակ Ուլուբաբյանը տվել է իրեն խոշտանգողներից երկուսի անունը, այդ թվում՝ մարզային վարչության պետինը։
🔹 Դատաբժշկական եզրակացությունը չի հիմնավորել, որ ստացած վնասվածքները եղել են խոշտանգման հետևանք։
Միջադեպի հետ կապված ցուցարարները փակել էին Մամիկոնյանց փողոցը՝ պահանջելով ոստիկանների ձերբակալություն։ Որոշ ժամանակ անց փողոցը բացվել է։
📌 Ինչպե՞ս սկսվեց գործը
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ին Վանաձորում, իսկ քրեական գործը հարուցվել է միայն չորս օր անց, հանրային բողոքի մեծ ալիքից հետո։ Սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվել՝ հայտնաբերելու Ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր, Ուլուբաբյանի պնդմամբ, նրան ստիպել են իր վրա վերցնել բարեկամի տնից կատարված գողությունը։