ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող ազգությամբ հայ անձանց անհապաղ ազատ արձակումը։Այդ մասին ասվում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։
Մարտի 3-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը իր համապարփակ զեկույցում հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ հայերի խնդրին։
«Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»,- ընդգծել է նա։
Տյուրկն իր զեկույցում նշել է նաև, որ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։