ՆԳՆ Փրկարար ծառայությունն ավտոճանապարհներին իրականացնում է ուժեղացված ծառայություն
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան առատ տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք հաճախ հանգեցնում են ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների արգելափակման և խոչընդոտում բնականոն երթևեկությունը՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին փրկարարների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ։ Առավել խնդրահարույց հատվածներում անհրաժեշտության դեպքում կծավալվեն հենակետեր՝ օպերատիվ արձագանքում իրականացնելու, վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Փրկարար ծառայությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Ուժեղացված ծառայության շրջանակներում փրկարարները համագործակցում են ոստիկանության պարեկների հետ և պատրաստ են օգնել դժվարության մեջ հայտնված քաղաքացիներին: