Եթե խնդիրները չլուծվեն՝ մենք կփակվենք. ՏՏ ոլորտը ահազանգում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՏՁՄ-ն սահմանափակող է համարում ԲՏԱ նոր կարգավորումը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որը ներառում է ավելի քան 200 հայկական բարձր տեխնոլոգիաների ընկերություններ, իր դժգոհությունն է հայտնել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից վերջերս ընդունված նոր կարգավորումների վերաբերյալ։ Չնայած Կառավարությունը դրանք ներկայացնում է որպես ոլորտի աջակցության միջոց, ԱՏՁՄ-ն կարծում է, որ նոր դրույթները ավելորդ սահմանափակումներ են պարունակում, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի երկարաժամկետ զարգացմանը և նորարարական բիզնեսների առաջխաղացմանը։ ԱՏՁՄ-ն բազմիցս իր դիրքորոշումն է փոխանցել նախարարությանը՝ անդրադառնալով ինչպես տեխնոլոգիական ոլորտի խթանման քաղաքականությանը, այնպես էլ ընդունված օրենսդրության և դրա հիման վրա մշակվող որոշումների նախագծերին։ Սակայն, ըստ միության, դրանց մեծ մասը հաշվի չի առնվել։ Համայնքը հատկապես մտահոգված է նոր կարգավորման մի քանի դրույթներով։ Դրանցից առաջինն այն է, որ պետական աջակցություն կստանան միայն այն ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց շրջանառության առնվազն 90%-ը գոյանում է Կառավարության կողմից սահմանված խիստ սահմանափակ տեխնոլոգիական ոլորտների գործունեությունից։ Ըստ ԱՏՁՄ-ի՝ այս մոտեցումը չի արտացոլում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի բազմազանությունը, որտեղ նորարարությունը հաճախ առաջանում է տարբեր ոլորտների համադրման արդյունքում։ Նման սահմանափակումները կարող են խոչընդոտել ստարտափների և բազմաբնույթ տեխնոլոգիական բիզնեսների աճին, ինչը հակասում է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու Կառավարության նպատակին։ Բացի այդ, նոր կանոնակարգերով (R&D) ոլորտի աշխատակիցների համար նախատեսվում է եկամտային հարկի 10% դրույքաչափ՝ նախկին 20%-ի փոխարեն, սակայն միայն որոշակի պայմանների դեպքում։ Չնայած ԱՏՁՄ-ն աջակցում է R&D խթանմանը, այնուամենայնիվ, ընտրողական մոտեցումը կարող է անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել՝ վտանգելով տեխնոլոգիական ներդրումների մթնոլորտը։ Մեկ այլ խնդիր է պետական աջակցության համակարգում նախատեսվող փոփոխությունը։ Նոր մոտեցումը առանձնակի առավելություն է տալիս «աշխատանքային միգրանտներին»՝ 2026 թվականից սկսած նրանց համար նախատեսելով եկամտային հարկի վերադարձ։ ԱՏՁՄ-ն մտահոգված է, որ այս մոտեցումը չի անդրադառնում տեղական ընկերությունների կարիքների վրա և կարող է խաթարել ոլորտի ներքին զարգացումը։ Նշվում է, որ միությունը հավատարիմ է նորարարության խթանմանը, ձեռներեցության աջակցմանը և Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի գլոբալ մրցունակության բարձրացմանը։ ԱՏՁՄ-ն կոչ է անում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը բաց քննարկումներ անցկացնել տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերանայելու այս կարգավորումները և գտնելու ոլորտի զարգացման համար առավել արդյունավետ լուծումներ։