«Միկայի» մրցակիցը մտադիր է շատ գոլեր խփել
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Վոլերենգեն» - «Միկա» հանդիպումը կվարի մեր թիմին ծանոթ մրցավար: Դա սերբ խաղավար Բոշկո Յովանովիչն է, ով 2009 թ եղել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Միկա» - «Հելսինգբորգ» հանդիպման (1:1) գլխավոր մրցավարը:
Ինչպես տեղեկացնում են նորվեգական լրատվամիջոցները, «Վոլերենգենը» հանդես կգա հատուկ պատվիրված մարզաշապիկով: Պատճառն այն է, որ ՈՒԵՖԱ-ն թույլատրում է մարզաշապիկի վրա տեղադրել միայն մեկ գովազդ, իսկ ահա Նորվեգիայի առաջնությանը թիմը մարզաշապիկի վրա մի քանի գովազդ է կրում:
«Վոլերենգենի» գլխավոր մարզիչ Մարտին Անդերսենը խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսին ասել է, որ «Միկան» լուրջ մրցակից է, քանի որ իր կազմում ունի խաղացողներ Իսպանիայից, Բրազիլիայից, Մոլդովայից:
«Եթե մեզ հաջողվի խաղալ ամբողջ ներուժով, ապա կկարողանանք հաղթահարել «Միկայի» արգելքը: Եվրոպայի լիգայում սեփական դաշտի խաղերը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ հնարավոր չէ գուշակել, թե ինչ է սպասում թիմին հեռու երկրներում: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի շատ գոլեր խփենք մեր հարկի տակ» - ասել է 34-ամյա մասնագետը:
Մարտին Անդերսենը նաեւ մատնանշել է, որ Եվրոպայի լիգայում հաջող խաղալը շատ կարեւոր է ակումբի համար` ինչպես մարզական, այնպես էլ ֆինանսական առումով:
Հիշեցնենք, որ «Վոլերենգեն» - «Միկա» խաղը կսկսի Երեւանի ժամանակով 22:00-ին: