Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մենենդես
A A
Հասարակություն

Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել

Նախկին դեմոկրատ սենատորը մեղավոր է ճանաչվել 2024 թվականի հուլիսին բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության և խարդախության համար:

Նախկին սենատոր Բոբ Մենենդեսը չորեքշաբթի դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ Եգիպտոսի կառավարությանը և Նյու Ջերսիի գործարարներին օգնության դիմաց կաշառք ստանալու համար, ներառյալ ոսկու ձուլակտորները:

Դաշնային դատավոր Սիդնի Սթայնը դատավճիռը կայացրել է Մանհեթենի դաշնային դատարանում լսումների ժամանակ։

Մենենդեսը, երբեմնի հզոր դեմոկրատ, ով 18 ու կես տարի ներկայացնում էր Նյու Ջերսին Սենատում, մեղավոր է ճանաչվել 2024 թվականի հուլիսին բոլոր 16 հոդվածներով, ներառյալ կաշառակերությունը և խարդախությունը: Նա նաև դարձավ առաջին սենատորը, ով դատապարտվեց որպես օտարերկրյա գործակալ:

Նա հեռացել է Սենատից, թոշակի անցնելով, 2024 թվականի օգոստոսին։

Նյու Յորքի հարավային շրջանի ԱՄՆ դատախազությունը պահանջել էր 15 տարվա ազատազրկում։

Դատախազներն ասում են, որ Մենենդեսը նպաստել է Եգիպտոսին ռազմական օգնություն ցուցաբերելուն, աջակցել է Կատարին և միջամտել դատական գործերին իր հետ կապված գործարարների անունից՝ ոսկու ձուլակտորների, կանխիկի և Mercedes-Benz-ի կաշառքի դիմաց:

«Մենենդեսը, ով երդվել էր ներկայացնել Միացյալ Նահանգների և Նյու Ջերսի նահանգի շահերը, փոխարենը վաճառքի է հանել իր բարձր պաշտոնը՝ կաշառքների այս հեղեղի դիմաց», - ասվում է դատական փաստաթղթերում:

71-ամյա Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը:

Նրա փաստաբանները դատարանին խնդրեցին դատապարտել նրան ոչ ավելի, քան երկու տարի 3 ամիս ազատազրկման՝ պատճառաբանելով տարիքը, պետական ծառայության երկարամյա պատմությունը, բարեգործական աշխատանքը, նվիրվածությունը ընտանիքին, ֆինանսական և մասնագիտական կորուստները:

Հիշեցնենք, որ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը, իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս հանդես է եկել հայամետ դիրքերից, հանդիսացել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ և ամերիկահայ համայնքի բարեկամ:

Մենենդեսի կնոջ՝ հայազգի Նադին Մենենդեսի դատավարությունը պետք է տեղի ունենար ամուսնու դատավարության հետ միաժամանակ, սակայն հետաձգվեց այն բանից հետո, երբ նրա փաստաբանները հայտարարեցին, որ նա կրծքագեղձի քաղցկեղի բուժման կարիք ունի: Նրա դատը նշանակված է մարտի 18-ին, նա նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։

Չորեքշաբթի ավելի վաղ դատավոր Սթայնը դատապարտել էր նրա երկու հանցակիցներին։ Նյու Ջերսիի գործարար Ֆրեդ Դայբեսը ստացել է 7 տարվա ազատազրկում, իսկ Վաել Հանան՝ ութ տարվա ազատազրկման։

Ամերիկայի ձայն