Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Տնտեսություն

Ինչպես է անդրադարձել ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության վրա

Ռուս-ուկրաինական պատերազմը զգալի ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա, ու հիմա էլ այդ ազդեցությունը շարունակվում է։
 
Պատերազմի սկսվելուց օրեր անց՝ 2022 թվականի մարտին, The New York Times պարբերականի հոդվածագիր Պատրիշա Կոենը գրել էր․
 
 «Ընդամենը մի քանի օրում համաշխարհային տնտեսության հեռանկարները վատթարացել են Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի տնտեսությունը ցնցած ֆինանսական պատժամիջոցների ֆոնին, որոնք սպառնում են էլ ավելի բարձրացնել վառելիքի համաշխարհային գները»։
 
Հայաստանի տնտեսությունն էլ չմնաց անմասն այս իրադարձություններից։ Մասնագետների գնահատմամբ՝ 2022 թվականին արձանագրված 12․6% տնտեսական աճի 5-6 տոկոսային կետը պայմանավորված էր այսպես կոչված «ռուսական գործոնով»։
 
Modex ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ պատերազմի հետևանքով ծավալված իրադարձությունները հիմնականում դրական են անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա։
 
Տնտեսական աճի հիմնական գործոններն էին՝
✔ Միգրացիոն հոսքերը դեպի Հայաստան,
✔ Վերաարտահանման ծավալների կտրուկ աճը,
✔ Հայաստանյան ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացումը,
✔ ՏՏ, առևտրի և ֆինանսական ոլորտների էական ակտիվացումն ու զարգացումը։
 
Նրա խոսքով, սակայն 2023 և 2024 թվականներին այս ցուցանիշները նվազել են, ինչը պայմանավորված է նշված գործոնների ազդեցության թուլացմամբ։
 
Հայկազ Ֆանյանը նշում է, որ  2023 թվականի չորրորդ եռամսյակից սկսած՝ նաև ոսկու վերամշակումն ու վերաարտահանումը որոշակի տնտեսական ազդեցություն են ունեցել։
 
Modex ընկերության ավագ խորհրդատու Արմինե Պետրոսյանը նշում է, որ պատերազմի հետևանքով Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը փոխվել է, և Ռուսաստանի մասնաբաժինը կտրուկ աճել է։
 
«Սա հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների աճով։ Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները վերաարտահանման առումով նոր հնարավորություններ բացեցին հայաստանցի գործարարների համար, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ են և ունեն ազատ առևտուր իրականացնելու իրավունք։ Արդյունքում՝ Հայաստանից արտահանումը զգալիորեն ավելացավ, ինչպես նաև աճեց հայկական ծագման ապրանքների արտահանումը»,- ընդգծում է նա։
 
Այնուամենայնիվ, ըստ Արմինե Պետրոսյանի, սա կարճաժամկետ տնտեսական հնարավորություն էր, և տարբեր գործոնների ազդեցությամբ այս միտումն արդեն իսկ նվազում է։