Տիգրան Լ. Պետրոսյանը առաջին կորուստը կրեց
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը շարունակում է գլխավորել Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի աղյուսակը: 7-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց պերուացի Խուլիո Գրանդայի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց:
Տիգրան Լ. Պետրոսյանը 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան կարող էին հավասարվել ետեւից ընթացող 3 շախմատիստներ, այդ թվում Կարեն Մովսիսյանը, սակայն մեր շախմատիստը պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Դելչեւին եւ 5-րդ տեղից նահանջեց 10-րդ հորիզոնական:
Մեր երրորդ մասնակիցը` գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, այս տուրում խաղաղ դաշն կնքեց իսպանացի Խեսուս Մարիա Գարսիայի հետ: Նա նույնպես վաստակել է 5,5 միավոր,սակայն լրացուցիչ հաշվարկներով զբաղեցնում է 21-րդ տեղը:
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող մեր հայրենակից, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան 4,5 միավորով ընթանում է 66-րդ տեղում:
Այսօր նախատեսված 8-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի չեխ շախմատիստ Իրժի Ստոչեկի հետ: Կարեն Մովսիսյանը կմրցի իսպանացի Ալվարո Ռիոբոյի հետ, իսկ Զավեն Անդրիասյանի մրցակիցը լեհացի Յացեկ Ստոպան է: