Արտակ Դավթյանը դեմ է ֆուտբոլի քաղաքականացմանը
Հայերի միջազգային խորհրդի սպորտի, մշակույթի եւ կրթության ղեկավար Արտակ Դավթյանը
կարծում է, որ ֆուտբոլը չպետք է քաղաքականացվի, ինչպես նկատվում է վերջին տարիներին:
«Միայն այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ռուսաստանի ու Վրաստանի հավաքականներին չի ցանկանում ընդգրկել միեւնույն ընտրական խմբերում, վկայում է այն մասին, որ քաղաքականությունը անմիջականորեն անդրադառնում է ֆուտբոլի վրա: Դա ցավալի երեւույթ է, քանի որ ֆուտբոլը լոկ խաղ է եւ չպետք է կապված լինի երկրների միջեւ եղած փոխհարաբերություններից»,-ասել է պատգամավորը:
Արտակ Դավթյանը անգամ կողմ է, որ աշխարհի 2014 թ առաջնության ընտրական միեւնույն խմբում հանդես գան վերը նշված երկրների ազգային թիմեր.:
«Ես ֆուտբոլասեր եմ եւ ինձ առաջին հերթին հետաքրքրում է ֆուտբոլը: Ես հաճույք եմ ստանում բարձրակարգ ֆուտբոլից, անկախ նրանից, թե որ երկրի հավաքականը կամ ակումբային թիմն է խաղում»:
Ի դեպ, ըստ թուրքական լրատվամիջոցների, ՀՀ խորհրդարանի պատգամավորը հետաքրքրվում է թուրքական ակումբների ելույթներով: Արտակ Դավթյանն այդ կապակցությամբ «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ ինքը հետեւում է բոլոր առաջատար երկրների ակումբների ելույթներին, այդ թվում Թուրքիայի առաջատար թիմերին, որոնք վերջին տարիներին հաջող են հանդես գալիս եվրագավաթներում:
Հիշեցնենք, որ 2008 թ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական երանգ տվեց 2010 թ աշխարհի առաջնության ընտրական Հայաստան - Թուրքիա խաղին` հանդիպմանը պաշտոնապես հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: