Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից, նշելով, որ այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.
- Հղիները
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները
- 65 տարեկանից բարձր անձինք
- Շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք
- Բուժաշխատողները
- Փակ տարածքներում աշխատող գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1209608