Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս թիմի դեմ կարելի է խաղալ»

Սպորտ
d2ebddacbc29e43f3ab7f864f72883a1

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում կհանդիպի Չեխիայի այս տարվա չեմպիոն Պլզենի «Վիկտորիայի» հետ:

Մեր թիմը թվով 27-րդ հանդիպումը կանցկացնի այդ մրցաշարի շրջանակում, իսկ ահա «Վիկտորիան» առաջին անգամ է մասնակցում նման բարձր մակարդակի մրցաշարին: Ավելին, չեխական ակումբը եվրոգավաթներում անցկացրած 4 խաղերում անգամ հաղթանակ չի տարել:

Չնայած «Փյունիկի» փորձառությանը, մասնագետները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում «Վիկտորիային», որի հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1,63 գործակցով, իսկ «Փյունիկինը»` 5,10-ով:

Հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ չեխական թիմը այնքան էլ անհաղթահարելի չէ: «Այս թիմի դեմ կարելի է խաղալ, պարզապես եթե ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է մոռանանք Հայաստանի առաջնությունը եւ ավելի արագ գործենք» - ասել է նա:

«Վիկտորիայի» գլխավոր մարզիչ Պավել Վրբան կարծում է, որ երկու թիմերն էլ շատ լավ են մոտիվացված: «Փյունիկը» երեք տարի չի կարողանում հաղթահարել որակավորման փուլի արգելքը, իսկ մենք առաջին անգամ ենք մասնակցում չեմպիոնների լիգային, ուստի երկու թիմերն էլ ցանկանում են դուրս գալ հաջորդ փուլ» ,- եզրակացրել է չեխ մասնագետը:

Հավելենք, որ հանդիպումը կայանալու է «Հանրապետական» մարզադաշտում եւ սկսվելու է ժամը 20:00-ին: Մուտքը անվճար է: