Արթուր Շահինյանը նվաճեց Իսպանիայի մրցանակը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները 2 մեդալ նվաճեցին Մադրիդում կայացած Իսպանիայի մեծ մրցանակի մրցումներում:
60 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, սակայն վերջին մրցամարտում պարտվեց Լեհաստանից հանդես եկող հայազգի ըմբիշ Էդուարդ Բարսեղյանին: Վերջինս 1/4 եզրափակիչում պայքարից դուրս բերեց նաեւ Իսպանիան ներկայացնող հայազգի մարզիկ Ալբերտ Բաղումյանին:
66 կգ քաշային կարգում հաղթեց Ռուսաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց մեր հայրենակից Շարուր Վարդանյանը (Շվեդիա):
Աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ քաշային կարգ) անհաջող հանդես եկավ: Նա հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց շվեդացի Ռոբերտ Ռոսենգրենին:
84 կգ քաշայինների մրցումներում իրեն հավասարը չուներ մեր ըմբիշ Արթուր Շահինյանը, որը եզրափակիչում վստահ հաղթեց լեհացի Դամիան Յանիկովսկուն` 4:0, 3:0, եւ տիրեց գլխավոր մրցանակին:
Նշենք, որ ընդհանուր հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 5-րդ տեղը, իրենից առաջ թողնելով Ռուսաստանին, Լեհաստանին, Իտալիային եւ Շվեդիային: