Այս նախագիծը լրացուցիչ վեճերի և նոր բողոքների առարկա է դառնալու․հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ին«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Ասոցիացիա), փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) անդամության վրա հիմնված, արդեն ավելի քան տաս տարվա գործունեության փորձով կառույց է, որը ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին, պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը, նպաստելու պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացմանը, ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտի բարելավմանը:
Ասոցիացիան, ի դեմս կառավարման խորհրդի, սույնով դեմ է արտահայտվում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված օրենսդրական փաթեթին՝ https://www.e-draft.am/projects/8114/about, որով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը պահպանելով աշխատավարձը։
Սա գործադիր մարմնի կողմից մշակված հերթական նախագիծն է, որը չի ուղեկցվում խորացված օրենսդրության ազդեցության գնահատման փաստաթղթով։ Վերջին շրջանում սա բացառություն չէ, չնայած նրան, որ նման նախագծերը, այդ թվում վերոհիշյալը, ազդելու է մեծ թվով շահառուների վրա՝ 700 հազարից ավելի, տարբեր ոլորտների և խմբերի (պետական, ոչ պետական, օտարերկրյա ներդրումով, մարզային, ոչ մարզային և այլն) գրանցված աշխատողների և 100 հազարից ավելի ՓՄՁ սուբյեկտների վրա։ Դրա փոխարեն, հիմնավորման մեջ ներկայացված են եվրոպական այնպիսի զարգացած երկրների համեմատություն, որոնց հետ մեր երկիրը պարզապես համեմատելի չէ։ Նման գործելաոճը, պարզապես անհարգալից վերաբերմունք է սեփական երկրի բիզնեսի և որոշումների ընդունման լրջության նկատմամբ։
Այս փոփոխությունները ուղիղ բացասական ազդեցություն են ունենալու առաջին հերթին հենց Գերփոքր բիզնեսի գործատուների վրա։ Այս խմբի բիզնեսների մոտ հիմնականում ներգրավված են նվազագույն կամ նվազագույն աշխատավարձին մոտ վարձու աշխատողներ և որպես կանոն 2-ից 3 աշխատող, որոնց թեկուզ մեկ ժամանոց աշխատաժամանակի կրճատումը բերելու է լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման հենց Գերփոքր բիզնեսների համար։ Իսկ մեր երկրում Գերփոքր բիզնեսների պատասխանատուն ոչ միայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է (որը հուսով ենք
գոնե այս նախագծի դեպքում կարծիք կներկայացնի ՓՄՁ զարգացման տեսանկյունից), այլ նաև հենց նախագծի հեղինակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։ Վերջինս պատասխանատու է նաև մեր երկրում աշխատատեղերի ստեղծման, ավելացման և պահպանման համար, մարզերում աղքատության կրճատման համար, որոնք ոչ այլ ինչ են, քան ՓՄՁ զարգացումը։
Բացի ֆինանսական բեռից ակնհայտ է նման փոփոխությունները բերելու են նաև արտադրությամբ զբաղվող բիզնեսներին իրենց ամբողջ արտադրական պորցեսների և շղթաների վերանայման, որն անուղղակի ևս ֆինանսական բեռ է ենթադրում։ Եթե նախագծով ենթադրվում է, որ սա կբերի նոր աշխատատեղերի, ապա հաշվի չի առնվում որտեղից պետք է գտնվեն անհրաժեշտ որակավորված մասնագետները և այլ իրական խնդիրները, որոնք բխելու են հենց այս փոփոխությունների հետևանքով։
Նույն տրամաբանության մեջ, առանձին խնդրո առարկա է դառնալու հերթափոխով աշխատողներ ունեցող բինզեսների մոտ, որոնց ակնհայտորեն ստիպելու ենք բարձրացնել աշխատավարձի ֆոնդը, որը հանգեցնելու արտադրանքի կամ ծառայության արժեքների բարձրացմանը, հետևաբար որոշ դեպքերում հայկական ապրանքների ավելի անմրցունակ դառնալուն։
Այս նախագիծը նաև լրացուցիչ վեճերի և նոր բողոքների առարկա է դառնալու վարձու աշխատող գործատու հարաբերություններում, որոնց նկատմամբ պետական վերահսկողությունը պարզապես ֆիզիկապես չի կարողանալու իրականացնել։
Բնական է, որ էլեկտրոնային e-draft համակարգում, այս պահին արդեն, վերոհիշյալ նախագծին կողմ քվեարկածների քանակը անգամներով գերազանցում է դեմ քվեարկածներին, հաշվի առնելով որ վարձու աշխատող ֆիզիկական անձինք, միայն իրենց նեղ շահերի շրջանակներից ելնելով կողմ են քվեարկում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ վարձու աշխատողների և կողմ քվեարկածների ընդգծված մեծամասնությունը կլինեն հենց պետական սեկտորի ներկայացուցիչները, ապա ակնհայտ է որ այս կերպ ամբողջ պատկերը խեղաթյուրվում է։ Պետական հատվածում աշխատող և կողմ քվեարկողները լրիվ այլ մոտիվացիաներ ունեն։
Եվ սա արդյունք է վերը նկարագրվածի, երբ նախաձեռնվում է և հանրային քննարկման է դրվում մի փոփոխություն, որը նախօրոք չի գնահատվել վարքաբանական, ոլորտային, սեռատարիքային, մարզային/քաղաքային, փոքր ու մեծ բիզնեսների համեմատության և ընդհանուր երկրի տնտեսության կառուցվածքի առանձնահատկության տեսանկյունից խորը ազդեցության գնահատականի։
Ի վերջո հարցերի հարցը շարունակում է մնալ, ի՞նչ նպատակներ են հետապնդում նման նախաձեռնությունները, ի՞նչպիսի տնտեսական զարգացման տեսլական է դրված,
որին ուզում է հասնել գործադիրը, որի տարբեր գերատեսչություններ երբեմն իրար հակասող նմանատիպ փոփոխություններ են կյանքի կոչում, դրանով էլ ավելի խճճելով բիզնես միջավայրն ու կանխատեսելիությունը։
Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարությանը, ետ կանգնել հիշյալ նախագիծն առաջ տանելու մտադրությունից, կազմակերպել լայնածավալ ֆոկուս խմբային քննարկումներ, նախաձեռնել ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2075-Ն որոշմամբ սահմանված խորը ազդեցության գնահատման գործընթաց։
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի»
կառավարման խորհրդի նախագահ` Հակոբ Ավագյան