Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԱԳՆ
A A
Պաշտոնական

Հայաստանն աջակցում է Սիրիայում ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում ու նրա շուրջ զարգացումներին և ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը՝ Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում:

«Մենք հաստատակամորեն աջակցում ենք իր պատմության այս վճռական պահին բարեկամ սիրիացի ժողովրդի՝ ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ուղին են»,- ասված է ԱԳՆ X-ի էջում։

Հիշեցնենք, որ Հորդանանի Աքաբա քաղաքում տեղի է ունեցել Սիրիայի հարցով արաբական երկրների համատեղ կոնտակտային խմբի հանդիպումը, որին մասնակցել են Բահրեյնի Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կատարի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի նախարարներն ու ներկայացուցիչները, Սիրիայի հարցով Եվրամիության և ՄԱԿ-ի հատուկ բանագնացը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հենց սիրիացիների կողմից իշխանության անցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և ներառական ու ներկայացուցչական կառավարության ձևավորումը: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է տարածաշրջանային գործընկերների հետ համաձայնագիր կնքելու մասին՝ Սիրիայի ժողովրդին օգնելու կառուցել «ներառական, ոչ կրոնական, խաղաղ և ինքնիշխան պետություն, որին նա ձգտում է»: