Բուժհաստատությունների որակի գնահատումը դարձնելու ենք հանրային․ Առողջապահության նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԸնդլայնվել է պետպատվերի շրջանակում առողջապահական ծառայությունների շրջանակը։ Կարեւոր է ընթացիկ ծրագրեը բարելավել, այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ունենք մի քանի կարեւոր կետ՝ որակ, ժամանակ, ֆինանս։ ՊԵտք է այս երեքի բալանսը գտնել։ Այս տարի որոշեցինք զերծ մնալ շենքերի վերակառուցումների մոտեցումներից։ Գուցե վերակառուցումը ժամանակի առումով ավելի արագ է, բայց հասկանում ենք նաեւ, որ այդ շենքերն արդեն մաշված են, եւ որքան էլ փորձենք վերականգնել, գոհ չենք լինում։ Դրա համար գնացինք նոր տիպային պոլիկլինիկաների նախագծմանը»,- ասաց նա։
Առողջապահության նախարարը անդրադարձավ բուժծառայողների ծառայության որակի հարցին։
«Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ սկսվում է բուհական կրթությունից։ Պիլոտային ծրագիր է մեկնարկել, եւ երկու տարի է՝ կրթական ռեզիդենտուրայի ծրագիր է գործում մանկաբուժական ծառայությունում։ Կրթությունը պետք է լինի թե՛ տեսական, թե՛ գործնական, ռեզիդենտը պետք է ծառայության մեջ ընդգրկված լինի, որպեսզի երբ մասնագետն ավարտում է եւ մուտք գործում բուժհաստատություն, պատրաստ լինի»։
Նա նշեց՝ ուսման տեւողությունն էլ կփոխվի։
Նախարարը նշեց նաեւ, որ որոշակի մասնագիտություններ խրախուսելու կարիք կա, որպեսզի շարժը երիտասարդ մասնագետների ուղղեն այս կողմ։ Նման մասնագետներից են՝ հոգեբույժները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները։
«Բուժծառայությունների ընդհանուր որակի բարձրացման խնդիր ունենք։ Ունենք հիանալի բժիշկներ, փայլուն ծառայություններ։ Բայց երբ խոսում ենք միջին որակի մասին, ունենք լուրջ բացեր։ Իրականացրել ենք բժշկական կենտրոնների գնահատում, դրանից հետո՝ վերապատրաստում, թե ինչպես պիտի իրենք վերանայեն որակի ինդիկատորները։ Նորից գնալու ենք խրախուսման մեթոդով։ Այս հարցում կարեւոր է նաեւ հանրության պահանջատիրությունը, նաեւ՝ հասանելիությունը, որպեսզի մարդիկ տեսնեն, թե որ հիվանդանոցներում ինչ ցուցանիշներ կան»,- ասաց նա։
Ավանեսյանի խոսքով՝ բուժհաստատությունների որակի գնահատումը կդառնա հանրային։